Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ: Կողմ կքվեարկեն նրա թեկնածությանը, թե դեմ, կախված է այդ հանդիպումից: Համենայնդեպս, խմբակցությունների շրջանում անցկացրած մեր հարցումները դա են ցույց տալիս:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ կլինի հանդիպում, կքննարկեն այդ հարցը խմբակցությունում եւ կորոշեն՝ ինչպես քվեարկել: Առայժմ նա ձեռնպահ մնաց Գեւորգ Կոստանյանի մասին կարծիք հայտնելուց: Հայտնի չէ նաեւ, թե ինչպես կքվեարկի Հայ ազգային կոնգրես խմբակցությունը: Քարտուղար Արամ Մանուկյանը, մեր հարցին ի պատասխան, հայտնեց, այսօր կհանդիպեն Գեւորգ Կոստանյանի հետ, կքննարկեն այդ հարցը խմբակցությունում եւ կհայտնեն իրենց դիրքորոշումը:
«Ժառանգություն» խմբակցությունում եւս դեռ չի քննարկվել Կոստանյանին կողմ կամ դեմ քվեարկելու հարցը: Պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց, որ չկա վստահություն պետական ինստիտուտների նկատմամբ, եւ սա կլինի ուղղորդող՝ որոշում կայացնելու հարցում: Նա շեշտեց, որ պետք է գիտակցել՝ ինչ մոտեցումներ կլինեն, բոլոր եղած տեղեկություները համադրել եւ միասնական դիրքորոշում ցուցաբերել: Նրա համար երիտասարդ կադրերը միշտ ավելի նախընտրելի են եւ կարծում է, որ իրականում բարելավում կա զինվորական դատախազության աշխատանքներում, բայց պետք է հասկանալ, թե Գեւորգ Կոստանյանը ինչ ծրագրերով եւ ինչ մոտեցումներով է գալու: «Շատ լավ կլինի, եթե ընդդիմությունը միավորվի եւ ոչ ասի: Խմբակցությունում այդ հարցը քննարկելուց հետո, չի բացառվում, որ քննարկենք նաեւ մյուս խմբակցությունների հետ»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քվեն եւս կախված է այսօր կայանալիք հանդիպումից: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կհանդիպեն, հարցադրումներ կանեն, կիմանան դրանց պատասխանները եւ կորոշեն՝ ինչպես են քվեարկելու: «Երբ որ իրեն կլսենք, հարցերը կուղղենք, պատասխանները կստանանք, ըստ այդմ՝ քվեարկությունը կորոշվի»,- հայտնեց պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, որ Կոստանյանի գործունեությունը բավականին խոսուն է, նա երիտասարդ է եւ իր սկզբունքայնությամբ եւ պրոֆեսիոնալիզմով կկատարի այն խնդիրները, մարտահրավերները, որոնք դրված են գլխավոր դատախազի առաջ: Ավելի լավ թեկնածուի մասին խմբակցության քարտուղարը չցանկացավ խոսել՝ ասելով, որ խնդիրը, գտնվելով երկրի նախագահի լիազորությունների տիրույթում, ինքն է որոշում եւ առաջարկում թեկնածուին, իսկ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրում են: «Չեմ կարծում, որ այդ որոշումը կայացվել է երկու օր կամ 10 օր առաջ է կայացվել»,- ասաց պատգամավորը:
Թե ինչպիսի քվեարկություն կլինի, Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ կքվեարկեն եւ խնդիր չեն ստեղծվի: Նա նշեց, որ ցանկանում է հավատալ, որ խմբակցությունների հետ հանդիպման արդյունքում պատգամավորները կհամախմբվեն եւ ընդհանուր վստահության քվեով կնշանակեն գլխավոր դատախազին: «ճիշտ կլինի ավելի մեծ վստահությամբ պարոն Կոստանյանին ընտրենք գլխավոր դատախազ, արդարադատության հետ կապված ճգնաժամը միգուցե կարողանանք այս նշանակմամբ հաղթահարել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ Գլխավոր դատախազին Հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:





























