Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սյունիք այցելության ժամանակ Էմիլ Բուդաղյանին չի հաջողվել հանդիպել նրա հետ, բայց նա երկրորդ նամակն է փոխանցել նախագահին: Էմիլ Բուդաղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Սերժ Սարգսյանը Գորիսում մտել էր գործարան եւ դուրս եկել, ինքն էլ գնացել էր այդ տարածք, որպեսզի հանդիպի նրան, սակայն չէր հաջողվել: Ուստի, Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը նրա թիկնապահին է փոխանցել իր երկրորդ նամակը, որում խնդրում էր իրեն ընդունել՝ կապված հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Էմիլ Բուդաղյանից հետաքրքրվեցինք նաեւ Գեւորգ Կոստանյանի՝ Գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածության առաջադրման մասին, մասնավորապես՝  տարածված տեղեկությունների համաձայն՝ այդպիսով նախագահը պարգեւատրել է վերջինիս Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակելու եւ այդ գործը հաջողությամբ ավարտելու համար: «Չեմ ուզում մեկնաբանություն անել, ով որ իր հանձնարարականները կատարում է, նրան էլ առաջ են տանում»:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ առայժմ իր բողոքներից պատասխան  չկա: Ինչ վերաբերում է Գեւորգ Կոստանյանի՝ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվելուն, ապա նա նշեց, որ սա քաղաքական որոշում է, իսկ ինքը՝ որպես փաստաբան,  քաղաքական գնահատական տալ չի կարող: «Խորը ափսոսանքով եմ այդ լուրը լսել»,- նշեց նա:

Նշենք, որ Գլխավոր դատախազին Հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը