«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի «Գազ 31-10» մեքենան երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հրդեհվել է։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ երեկ կասկածներ չուներ, որ ինչ-որ մեկի միջամտությամբ է հրդեհը բռնկվել, սակայն այժմ իրավիճակն այլ է։ «Հրշեջ- տեսուչը նայելուց հետո ասեց, որ ինչ-որ մեկի միջամտությամբ է հրդեհը բռնկվել։ Հիմա փորձագետները պետք է գան՝ պարզելու տեղի ունեցածը, եւ ինձ համար էլ է հետաքրքիր, թե ինչից է բռնկվել հրդեհը»,- նշեց նա։ Արամ Հարությունյանի համար անհասկանալի է, թե ով կարող էր նման բան անել եւ նշում է, որ թշնամիներ չունի։
Հարությունյանը պատմում է, որ Նորք բարձրացող ճանապարհին է հրդեհը բռնկվել, եւ այնտեղ գտնվող արհեստավորներն են դույլերով ջուր բերել եւ հանգցրել կրակը։ «Եթե նրանք չլինեին, մեքենան կպայթեր»,- ավելացրեց նա։
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ մեքենան առավոտյան թողել էր արհեստավորի մոտ եւ երեկոյան գնացել վերցնելու, իսկ արհեստավորը ասել է, որ մեքենան դռները բաց կանգնած է փողոցում։
«Նստել եմ մեքենան, գումարը վճարել եւ գնացել»,- պատմում է նա։
Տեղի ունեցածը պարզելու համար Հարությունյանը դիմել է իրավապահներին։





























