Ուռուցքաբանության հայկական միավորումը Երեւանում սեպտեմբերի 27-28-ին կայանալիք կոնգրեսում կքննարկի վիրաբուժության ռոբոտացման հեռանկարները: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են միավորումից:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անցկացվող կոնգրեսին կմասնակցեն աշխարհահռչակ մասնագետներ Եվրոպայից ու ԱՄՆ-ից:

«Վիրաբուժության ռոբոտացման հեռանկարները առաջին անգամ կքննարկվեն Հայաստանում»,- ասվում է միավորման հաղորդագրության մեջ: Կոնգրեսին զեկույցով հանդես կգա բնագավառում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը հանդիսացող Ինդերբիր Գիլը (ԱՄՆ):

Կոնգրեսի կազմակերպչական հանձնաժողովի համանախագահներն են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի լապարոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանն ու Հայաստանում քաղցկեղի բուժման ազգային կենտրոնի ուռուցքաբանական հիվանդանոցի տնօրեն Վարուժան Շահսուվարյանը: