«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի հրդեհի ենթարկված մեքենան այսօր փորձաքննության կենթարկեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ մեքենան շարունակում է մնալ Արմենակյան փողոցի վրա, որտեղ եւ եղել էր դեպքը, եկել են մի քանի մասնագետներ, ովքեր մեքենան նայելուց հետո ասացին, որ կողմնակի միջամտության հետեւանքով է մեքենան հրդեհվել: Հրշեջ-տեսուչը շեշտել է, որ  անհասկանալի է, որ հրդեհը այդտեղից է բռնկվել, կազմվել է արձանագրություն, հարցաքննվել են մի շարք անձինք, բացատրություն է տվել նաեւ Արամ Հարությունյանը:

Նախագահի նախկին թեկնածու այժմ շրջում է առանց մեքենայի, ընկերներ ունի, ովքեր առավոտյան տանում, բերում են, նաեւ զբոսնում է, «չկա չարիք առանց բարիք»: Նա շատ է ցանկանում այդ մեքենան նորից օգտագործել, քանի որ այն համարում է պատմական եւ հաջողակ: Հենց այդ մեքենայով է Արամ Հարությունյանը 4 անգամ առաջադրվել նախագահի թեկնածու, «4 շրջան ընտրությանը մասնակցել է, 4 անգամ Հայաստանով ման է եկել»: Մեքենան վերանորոգելու համար անհրաժեշտ է 300 հազար դրամ:

Արամ Հարությունը շեշտեց, որ ինքը չի ցանկանում շոու սարքել այս ամենից, պարզապես ցանկանում է իմանալ, թե ինչպես եւ ինչու է հրդեհ բռնկվել, ում միջամտության արդյունքում: «Կուզեի՝  իմանայի ինչից է եղել հրդեհը: Եթե ես իմանամ՝ ում էր պետք, այդ հարցը բոլոր հարցերը կփակի: Ես թշնամիներ չունեմ, ու սա հաստատ կենցաղային հողի վրա չէ: Բայց Հայաստանում մահափորձերը այնքան են շահարկվել, որ չէի ցանկանա դառնալ դրա մասնակիցը: Իմ համար կարեւոր է՝ ինչի՞ է եղել»,- նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի «Գազ 31-10» մեքենան սեպտեմբերի 25-ին, հրդեհվել է։