Հայաստանի մաքսային ոլորտում դեռեւս բազմաթիվ մարտահրավերներ կան: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» թեմայով կոնֆերանսից առաջ:

«Մենք կշարունակենք աշխատել պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների նախարարության եւ քաղաքացիական հասարակության հետ՝ այդ խնդիրները լուծելու համար»,-ընդգծել է դեսպանը:

Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, Հեֆերնն ընդգծել է. «Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում, եւ ԱՄՆ-ն, Հայաստանի բարեկամական գործընկերը լինելով, կշարունակի աշխատել նրա հետ»:

Կոնֆերանսին իր ելույթը սկսելուց առաջ Հեֆերնը նշել է. «Հաճախ են հարցնում, մեր ինչի՞ն են պետք Հայաստանի մաքսային բարեփոխումները, դա ի՞նչ կտա ԱՄՆ-ին: Ոչինչ: Մենք շահ չունենք: Մենք բարելավում ենք միջավայրը, երբեմն անգամ քննադատում ենք Հայաստանի իշխանություններին»:

Հեֆերնը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Առեւտրի համաշխարհային  կազմակերպության անդամ: Երկիրն իր վրա պարտականություններ է վերցրել եւ պետք է կատարի դրանք: