Մասիսի կենտրոնական հիվանդանոցում վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գեւորգ Վահանի Գրիգորյանին`  հաղորդավար Եգոր Գլումովի (Գոռ Գրիգորյան) հորը  ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կան մեղադրյալներ: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Հակոբ  եւ  Գարիկ Կիրակոսյաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Երկուսն էլ գտնվում են ազատության մեջ, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը, մյուսի նկատմամբ՝  երաշխավորությունը:

Այդ հոդվածով սահմանվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի է ենթարկվել վիրաբուժական բաժանմունքի վարիչը: Նրան ծեծել են հիվանդին ուղեկցողները: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` 22-ամյա ալկոհոլային թունավորմամբ մի երիտասարդի են բերել հիվանդանոց եւ նրան ուղեկցող եղբայրները հերթապահ բժշկին, որը վիրաբուժականի վարիչն է եղել, շտապեցրել են արագ բուժօգնություն ցուցաբերել: Նրանք չեն համբերել մինչեւ բժիշկն իր պարտականությունները կատարի սահմանված կարգով:

Եղբայրները , որոնք եւս ալկոհոլի ազդեցության տակ են եղել, բորբոքված հարձակվել են բժշկի վրա, կոտրել բաժանմունքի ապակիները, պատահած իրերով հարվածել պատերին, այնուհետեւ քաշքշել ու ծեծի են ենթարկել բժշկին:

Այնուհետեւ պարզվել էր, որ Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի ենթարկված վիրաբուժական բաժանմունքի վարիչը հայտնի հաղորդավար Եգոր Գլումովի (Գոռ Գրիգորյան) հայրն է` Գեւորգ Վահանի Գրիգորյանը:  Միջադեպի հետեւանքով բժիշկը որեւէ լուրջ վնասվածք չի ստացել, նրա վիճակը լավ է, աչքի տակ կապտուկ կա, բայց դեպքից հետո վիրահատություն է կատարել: