Գյումրիում շինարարական աշխատանքների ժամանակ մահացած 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանի գործով կա կասկածյալ: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնից NEWS.am-ի  թղթակցին հայտնեցին, որ Լեռնիկ Հեքիմյանը ձերբակալվել է, նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 242-րդ  հոդվածի 2-րդ մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Առաջիկա օրերին նրա մեղադրանք կառաջադրվի եւ կկալանավորվի: Լեռնիկ Հեքիմյանն ասել է, որ կատարվածը զուտ պատահականության արդյունք է:

Երազգավորսի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մեսրոպյանների ընտանիքը սպասում է, որպեսզի վերջինիս եղբայրը գա Կրասնոյարսկից եւ մասնակցի թաղմանը: Գյուղապետն ասաց, որ «Դորոժնիկ» ՍՊԸ-ն, որտեղ աշխատում էր երիտասարդը, այցելել է ընտանիքին, ցավակցություններ հայտնել եւ նրանց օգնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում սեպտեմբերի 26-ին, ողբերգական միջադեպ է եղել: Ժամը 10:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երեւանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:

Ստացած վնասվածքի արդյունքում նա տեղում մահացել է: Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ Լ. Հեքիմյանն ու Վ. Մեսրոպյանը աշխատում էին «Դորոժնիկ» ՍՊԸ-ում, տարածքում  Ջրմուղի հետ աշխատանքներ էին կատարում:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի  157-րդ հոդվածի  2-րդ մասի  (տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: