Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին երեկ՝ սեպտեմբերի 27-ին, երեկոյան կալանավորել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ  Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում  մնալուց հետո՝ վերադառնալով հրապարակել է իր որոշումը: Ըստ այդմ, Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված  խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է  կալանքով:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատարանը որոշում  է  կայացրել նաեւ  քրեական գործի վարույթը կասեցնելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սուրենյանցին հայտնաբերելուց հետո դատարանը քրեական գործի վարույթը վերսկսելու մասին  որոշում կընդունի: Այսպիսով դատարանը  բավարարել է մեղադրողի  միջնորդությունը  Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը  կալանքի փոխելու մասին:

Խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը  չէր ներկայացել իր գործով դատական նիստին եւ դատարանը, մինչ նիստը սկսելը (այն սկսվեց 40 րոպե ուշացումով), փորձել էր պարզել վերջինիս բացակայության պատճառը: Սուրենյանցը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ վատառողջ է եւ կաթիլային ներարկում է ստանում:  Դատարանը փորձել էր պարզել, թե որտեղ է գտնվում Սուրենյանցը, վերջինս, դատարանին հավաստիացրել էր, որ Նորքի զանգվածում բնակվող ընկերոջ տանն է, բայց հասցե չէր  նշել:

Նախորդ նիստին  Սուրենյանցի նկատմամբ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, սակայն  պարզվել էր,  որ Սուրենյանցի բնակավայրի դատարանին  հայտնի հասցեում  նման մարդ չի բնակվում: