Մերձավոր Արեւելքում քրիստոնյա բնակչության ոչնչացումը ցավալի է, բայց ընդհանուր միտում է, տեսնելով, թե ինչ է կատարվում տարածաշրջանում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանյան Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքը արմատական իսլամիզացիայի փուլում է, եւ ոչ մի շանս չկա, որ պետությունները, որոնց քաղաքականությունը որոշվում է կամ «Մահմեդական եղբայրների» տիպի կառույցների, կամ դրան գաղափարապես մոտ գտնվող կազմակերպությունների, կամ էլ արմատական վահաբական համայնքների կողմից, չեն նպաստի հայ բնակչության ոչնչացմանը:

«Նաեւ այսօրվա Թուրքիայի ակտիվ դերակատարմամբ, որը ցանկանում է մի նոր Օսմանյան կայսրություն ստեղծել, կամ վահաբական տանդեմի (Քաթար եւ Սաուդյան Արաբիա) առկայությամբ, որը կանգնած է Արաբական գարնան հիմքում, ոչ մի կերպ հույս չունեմ, որ Մերձավոր Արեւելքը կմնա այնպիսին, ինչպիսին եղել է 20-րդ դարում, երբ նրա բնակչության մեկ քառորդը քրիստոնյաներ էին»,-ընդգծել է Եվգենի Սատանովսկին: