Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկարատեւ գործընթաց է, եւ իրատեսական զրույցի համար կողմերը պետք է համաձայնության գան այն հարցերի շուրջ, որոնք պետք է լուծվեն հենց հիմա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ նման հարցերից են շփման գծում լարվածության թուլացումը, ինչպես նաեւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը:
Խոսելով Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ-ի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ նա նշել է, որ Մինսկի խումբն արդեն մի քանի տարի ապարդյուն կենտրոնանում է հենց այդ թեմայի վրա: «Իսկ եթե հաջողվի ադրբեջանական կողմին համոզել եւ ստիպել, որը համաձայն չէ որեւէ ջանք գործադրել, քանի որ կարծում է՝ այդպիսով ինքը կզրկվի բանակցային գործընթացի վրա ազդելու վերջին ազդակից, այն ժամանակ մենք կարող ենք խոսել որեւէ առաջխաղացման մասին: Եթե ոչ, ապա հանդիպումը, ցավոք, ձեւական կլինի, որն այդ ձեւաչափով թույլ է տալիս կանխել այսպես կոչված մեծ պատերազմը», - ընդգծել է Սերգեյ Մինասյանը:
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Համանախագահները պատրաստակամություն էին հայտնել աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:





























