Հայաստանը մտահոգված է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակով: Այս մասին, սեպտեմբերի 28-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Թեեւ մեր մեծամասնությունը կիսում է այն գաղափարը, որ բռնության եւ ահաբեկչության վերացումը էական է խաղաղ, կայուն եւ բարգավաճ հասարակությունների հաստատման գործում, խաղաղությունը, կարծես, մնում է ոչ կայուն երեւույթ աշխարհի շատ անկյուններում:
Փախստականների թիվը, որը Հայաստանը շարունակում է ընդունել Սիրիայից, արդեն գերազանցում է տասը հազարը, բայց տասնյակ հազարավոր սիրիահայեր դեռեւս մնում են այդ երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է դարձել 1915թ.-ի Ցեղասպանությունից հետո: Իրենց սիրիացի հայրենակիցների հետ միասին նրանք դժվարագույն պայմաններում պայքարում են գոյատեւման համար»,-հայտարարել է Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված 2118 բանաձեւը՝ հիմնված Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Քերիի միջեւ Ժնեւում ձեռքբերված համաձայնության վրա, որը կարող է բերել Սիրայում քիմիական զենքի ոչնչացմանը եւ դրա օգտագործման բացառմանը ու ճանապարհ բացել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման համար՝ վերջ դնելով Սիրիայի ժողովրդի տառապանքներին:





























