Հայաստանում հոկտեմբերի 1-ից մեկնարկում են Մեծ Բրիտանիայի օրերը, որի կազմակերպիչը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեպսանատունն է եւ Բրիտանական խորհուրդը: Մեծ Բրիտանիայի օրերը կանցկացվեն «Britan is…» կարգախոսով եւ կտեւեն ուղիղ մեկ ամիս՝ մինչեւ նոյեմբերի 1-ը:
Այդ առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ներկայացրել է միջոցառումների նպատակներն ու ծրագիրը, որի շրջանակներում տեղի կունենան համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ թատերական բեմադրություններ, կանցկացվեն սեմինարներ:
Նրա խոսքով՝ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ տարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, լրատվամիջոցներ, մշակույթ, կրթություն, սպորտ, ձեռներեցություն: «Հույս ունեմ, որ այդ միջոցառումները երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության նոր խթան կհանդիսանան»,-նշել է դեսպանը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի օրերի շրջանակներում Հայաստան կայցելի Թոնի Բլերի լրատվամիջոցների գծով նախկին խորհրդական Լենս Փրայսը: Նա կհանդիպի քաղաքական ուժերի, թերթերի խմբագիրների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Երեւան կայցելի նաեւ ռեժիսոր Շոն ՄաքԱլիսթերը, որը վարպետության դասընթացներ կանցկացնի եւ կներկայացնի իր նոր ֆիլմերը: Միջոցառումների շրջանակում կկազմակերպվի հանդիպում անգլերենի ուսուցիչների հետ, կլինի աստղաֆիզիկոսների ֆորում, Հայաստան ներդրումներ ներգրավելուն ուղղված կոնֆերանս, նաեւ ֆուտբոլային հանդիպում անգլիական «Արսենալ» եւ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբների երկրպագուների մասնակցությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























