Բրիտանիան շահագրգռված է Հայաստանում ներդրումների ծավալներն ավելացնելու հարցում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը:
Բրիտանացի դիվանագետը նշել է, որ ներկայումս բրիտանական մի քանի ընկերություններ ներդրումներ են կատարում Հայաստանում: Ամենախոշորը HSBC բանկն է: Բացի դրանից, ներդրումներ են իրականացվում նաեւ դեղագործական բնագավառում: «Սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը գոհացուցիչ չէ», - հայտնել է դեսպանը: Դիվանագետը նշել է, որ նկատի ունի ներդրումների փոքր ծավալները:
«Մենք ցանկանում ենք ավելի շատ բրիտանական ընկերությունների ոգեւորել Հայաստանում ներդրումներ անելու համար», - ընդգծել է դեսպանը: Որպես հիմնական ուղղություն՝ նա նշել է բրիտանական Lydian International ընկերության մասնակցությունը Ամուլսարի ոսկու հանքի վերամշակման գործում: «Հավատում ենք, որ Հայաստանի համար այդ ծրագիրը շատ օգտակար կլինի: Այն աշխատատեղեր կբացի, եկամուտ կբերի բյուջեին եւ համագործակցութան օրինակ կծառայի», - հայտարարել է դեսպանը:





























