Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը լիովին համընկնում է միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտահայտվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների առաջարկություններում: Այս, մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակի հարցին:
Նա ընդգծել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել առաջ շարժվել հակամարտության կարգավորման հարցում՝ հիմնվելով այդ առաջարկությունների վրա:
Պատասխանելով այն հարցին, որը վերաբերում էր «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպմանը», Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ այս առաջարկությունը ադրբեջանական կողմի գաղափարն է, սակայն միջազգային հանրությունը դրան չի աջակցում: Նա նաեւ խորհուրդ է տվել ավելի ուշադիր կարդալ Մինսկի խմբի համանախագահ-երկրների առաջնորդների հայտարարությունները:
Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Մինսկի խումբը միակ հարթակն է, որն ունի միջազգային մանդատ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ անցկացնելու:





























