Պաշտոնական Փարիզը դեմ է, որպեսզի Ռումինիան եւ Բուլղարիան միանան Շենգենյան գոտուն: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Ռումինիայի եւ Բուլղարիայի միացումը նշանակում է երրորդ երկրներից ներգաղթյալների ազատ մուտք Եվրոպական միություն:
Ֆաբիուսի հայտարարությունները խիստ բանավեճերի առարկա դարձան, որոնք շրջանառվեցին ֆրանսիական քաղաքական շրջանակներում՝ գնչու միգրանտների հանդեպ վերաբերմուքնի հարցի շուրջ, որոնց մեծամասնությունը ժամանում է Բուլղարիայից ու Ռումինիայից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իր հերթին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը օրերս հայտարարել էր, որ գնչուները չեն կարող ինտեգրացվել ֆրանսիական հասարակությանը եւ պետք է հետ ուղարկվեն հայրենիք:
Կանոնները, որոնց համաձայն Ռումինիայի եւ Բուլղարիայի հետ սահմաններին ստուգվում են անձնագրերը, ընդունվել են 2007թ.-ին՝ ԵՄ - ին այդ երկու երկրների անդամակցությունից հետո: Այդ կանոնները պետք է կանխեին երրորդ երկրներից միգրանտների ազատ մուտքը ԵՄ: Ակնկալվում է, որ 2014թ. հունվարին սահմանափակումները կարող են չեղյալ հայտարարվել:





























