Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Չինաստանը կշարունակի հաստատուն առաջխաղացումը միջազգային հեղինակության բարձրացման, հասարակական առաջընթացի, տնտեսական ու մշակութային զարգացման ուղղությամբ:

Հայ-չինական ավանդական բարեկամական կապերը սկիզբ են առնում հեռավոր անցյալից: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Հայաստանը եւ Չինաստանը ձեռնամուխ են եղել հավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների ձեւավորմանը, որոնք անցած տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվել եւ ամրապնդվել են:

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին արձանագրված կտրուկ աճը պահպանելու եւ խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ, մեծարգո պարոն նախագահ, ջանքեր գործադրել մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու ակտիվ գործակցությունը բարձրացնել նոր մակարդակի՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն եւ բարօրություն»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: