Թբիլիսիում 2010թ. 1800 վրացի դիտորդներին Ուկրաինա ուղարկելու պատմությունն անսպասելի շարունակություն է ստացել:

Հայտնի  «Օբյեկտիվի» հեռուստառադիոընկերությունը պարզել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Ուկրաինայի այն ժամանակվա վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պայմանավորվածության համաձայն՝ Ուկրաինա ընտրություններին հետեւելու համար որպես անկախ դիտորդներ ուղարկվել էին Վրաստանի ուժային կառույցների աշխատակիցներ, այդ թվում՝ բռնցքամարտի եւ ըմբշամարտի վարպետներ:

Նրանց  մեծ մասն ուղեւորվել էր Դոնեցկ եւ Լուգանսկ: Շատերն անգամ լրագրողի վկայականներ էին ձեռք բերել:

Ուկրաինայի արեւելքում կեղծ լրագրողների  ի հայտ գալու լուրն արագ տարածվել էր: Համացանցում հայտնվել էր Միխայիլ Սահակաշվիլիի եւ Յուլյա Տիմոշենկոյի, ինչպես նաեւ  անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեի բանակցությունների ձայնագրությունը, որոնցից կարելի էր եզրակացնել, որ «դիտորդների» բուն նպատակը Դոնեցկի եւ Լուգանսկի ընտրությունների ձախողումն էր, գրում է «From-UA»-ը:

Վրաստանում հետաքննության նախաձեռնողներն են Վախթանգ Բեգիաշվիլին եւ Սոսո Զաալիշվիլին: Նրանք  2010 Ուկրաինայի նախագահական ընտրությունները  հետաքննող խումբ ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել:

Փորձագետները մտադիր են պարզել՝ Վրաստանի ուժային կառույցներից որի աշխատակիցներն են կանգնած եղել ուկրաինական գործողության թիկունքում եւ ով է ֆինանսավորել դիտորդների ուղարկումը Ուկրաինա: