Հայաստանը «Global AgeWatch Index»-ի կազմած տարեցների կենսամակարդակին վերաբերող  վարկանիշային ցանկում, որտեղ գնահատվում է 60-ից բարձր տարիքի անձանց կենսամակարդակը, 51-րդ տեղում է:

Կենսամակարդակը գնահատելիս հաշվի են առնվել մի քանի պարամետրեր, այդ թվում՝ եկամուտների պահպանումը, բուժհաստատություններ դիմելու թիվը, կրթությունը, աշխատողների թիվը եւ սոցիալական ակտիվությունը:

Ըստ զեկույցի՝ 60-ից բարձր տարիքի անձանց կրթության եւ աշխատանք ունենալու  մակարդակով Հայաստանը 3-րդ տեղում է, զիջում է միայն ԱՄՆ-ին եւ Նորվեգիային: Սակայն առողջական վիճակը եւ «բարենպաստ միջավայրի» ցուցանիշները մտահոգիչ են՝  համապատասխանաբար  75-րդ եւ 80-րդ հորիզոնականներ:

Զեկույցում նշված է նաեւ բնակչության ծերացման մակարդակի արագ աճը: Հայաստանը «ծերացող երկիր» է համարվում. 2050թ. 60-ից բարձր անձանց քանակը Հայաստանում կգերազանցի 30%-ը:

Նշենք, թոշակառուների համար լավագույն երկիր է նշվում Շվեդիան: Առաջատար դիրքերում են նաեւ Նորվեգիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Կանադան եւ Շվեյցարիան:

Հայաստանի հարեւաններից վարկանիշում գնահատվել է Թուրքիայի (70) եւ Վրաստանի տարեցների կենսամակարդակը (37): Ռուսաստանը 78-րդ տեղում է:

Մասնագետները ընդհանուր առմամբ հանգել են այն եզրակացության, որ աշխարհը շեշտակի ծերանում է, եւ արդեն 2050թ. 60-ից բարձր անձանց քանակը կկազմի 22%: