Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը:
Նիստը բացեց եւ մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային միջգերատեսչական շտաբների պատրաստականության աստիճանի եւ օպերատիվ գործողությանը մասնակցելու ձեւաչափերի վերաբերյալ զեկույցներով:
Ելույթ ունեցողներն անդրադարձան թմրամիջոցների անօրինական շրջանառության՝ որպես ոչ միայն տարածաշրջանային, այլեւ անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակի մարտահրավերներին եւ ընդգծեցին դրանց համատեղ ուժերով հակազդելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:
Ելույթ ունեցան՝ ՀԱՊԿ քարտուղարությունից՝ Միխայիլ Մելիխովը, Հայաստանից՝ Վարդան Գեւորգյանը, Բելառուսից՝ Ալեքսանդր Վիսոցկին, Ղազախստանից ՝ Եռլան Ուատաեւը, Ղրղզստանից՝ Ռասուլ Տուրգանովը, Տաջիկստանից՝ Թոջիդդին Նասրիդդինովը, Ռուսաստանից՝ Իվան Վոզնեսենսկին, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային կոմիտեից՝ քննչական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Ներսես Միրզոյանցը:
Կանխարգելիչ գործողությանն իրենց ձեւաչափի եւ Միջազգային կոորդինացիոն շտաբին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան դիտորդներ Օլեգ Շչերբինինը (Եվրասիական խմբի ներկայացուցիչ) եւ Անաստասիա Դերժիցկայան (Ռուսաստանի Ինտերպոլի ներկայացուցիչ):
Նիստին մասնակցում էին նաեւ Հայաստանի ԱԱԽ, ԱԳՆ, ԱԱԾ, Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցների ստորագրմանը ներկայացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման եւ Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեությունը ղեկավարելու է ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովը, իսկ Միջազգային կոորդինացիոն շտաբի կառավարումը՝ Կոորդինացիոն խորհրդի քարտուղար Սերգեյ Ալյոնկինը եւ նրա տեղակալ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Գեւորգյանը:
Նիստի մասնակիցների տրամադրության տակ էին նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Կոորդինացիոն խորհրդի նախագահի կողմից հաստատված՝ «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ գործողության պլանը, որն ամփոփում է գործողության օպերատիվ մտահղացումը, նախապատրաստման եւ իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես եւ գործողության արդյունքների ամենօրյա հաշվետվությունների աղյուսակները:
Գործողության կազմակերպման եւ անցկացման, ինչպես եւ հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրապարակեց ԿՀԴՊ ԳՎ պետի առաջին տեղակալ Վարդան Բադասյանը:
Խորհրդակցության ավարտից հետո օպերատիվ կառավարման աշխատանքը տեղափոխվեց հրամանատարական կետ, որը տեղակայված է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
«Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հայ ոստիկանների հուշակոթողին:




































