Խոտի դեզ այրելու մեղադրանքով կալանավորված Արամ Մուղալյանն արդեն 24 ժամ է` ջրադուլ է հայտարարել: Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ասուլիսի ժամանակ, Մուղալյանի պաշտպան, փաստաբան Վահե Գաբրիելյանն ասաց, որ երիտասարդի առողջական վիճակի, կյանքի պատասխանատվությունը կրում են դատարանը եւ դատախազությունը, քանի որ Մուղալյանը ջրադուլի ծայրահեղ քայլին է դիմել՝ այդ կառույցների ապօրինությունների դեմ պայքարելու համար:

Մարտի 13-ին Արմավիրի մարզի քննչական բաժնում քր.գործ է հարուցվել մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի խոշոր չափերի գույքը՝ խոտի դեզը, դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով: Ապրիլի 17-ին ձերբակալվել են երիտասարդներ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը եւ Արթուր Քլյանը: Տղաներին մեղադրանք է առաջադրվել ուրիշի խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու, ավելի ուշ նաեւ` խուլիգանության հոդվածներով:

Վահե Գաբրիելյանը նշեց, որ ձերբակալման ժամանակ որեւէ հիմք չի եղել՝ ենթադրելու, որ երիտասարդներն են կատարել հանցանքը: Քննիչը փորձել է ապացույցներ հավաքել կալանավորումից հետո, սակայն, փաստաբանի համոզմամբ, հավաքել է ոչ թե ապացույցներ, այլ հակասություններ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանն «անհեթեթությունների, խախտումների կույտ» եւ «ուղղակի ծիծաղելի» անվանեց խուլիգանության հոդվածով քրգործ հարուցելը: Դանիելյանը նշեց, որ գետնին թափված ոչ պիտանի հարդը վառելը խուլիգանություն չի կարող որակվել, քանի որ խուլիգանությունը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, մինչդեռ դեպքի վայրում հասարակության որեւէ անդամ ներկա չի եղել:

«Մեղադրանքը լիրիկական շարադրություն է հիշեցնում: Մեղադրանքի հիմքում որեւէ ապացույց չկա դրված: Տուժողի բազմաթիվ հակասական ցուցմունքները չեն կարող թույլատրելի ապացույց լինել»,- հավելեց Վահե Գաբրիելյանը:

Տուժող Ս.Խուդոյանը մինչեւ հունիս տված իր ցուցմունքներում նշել է, որ իր գույքը վնաս չի կրել, ինքը բողոք ու պահանջ չունի: Տեղազննության չորս արձանագրություններում խոսք չկա դեզի ծխահարման մասին: Սակայն հունիսին Խուդոյանը ցուցմունքը փոխել է՝ ասելով, թե 30 հակ խոտ է ծխահարվել, ինչի վնասը գնահատվել է 36 հազար դրամ: Փաստաբանները պնդում են, որ ծխահարման փաստը ստուգելու համար պատշաճ քննություն չի արվել:

Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց եւ չերկարաձգվելուց հետո երիտասարդները ապօրինի պահվել են կալանքի տակ: Հունիսի 5-ին դատարան են ներկայացվել կալանքը երկարացնելու միջնորդություններ, որոնք բավարարվել են:

Դատարանը հաստատել է 4 երիտասարդի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Դատարանը պատճառաբանել է, թե հիմքեր ունի ենթադրելու, որ խափանման միջոցը փոխելու դեպքում կալանավորվածները կփախչեն, կկատարեն նոր հանցանք, բայց չի նշել այդ հիմքերը: Հետագայում միայն Արթուր Քլյանի խափանման միջոց կալանքն է փոխարինվել գրավով` ելնելով նրա առողջական վիճակից:

Ռոբերտ Փիլոյանի եւ Գագիկ Առաքելյանի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Դավթյանն ասաց, որ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը ծեծել է Փիլոյանին: Սավանի վրա արյան հետքեր են եղել: Սավանը կնքել են, ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացք տալու: Սակայն ընթացք չի տրվել՝ պատճառաբանվելով, թե արյունն ինքնավնասման եւ ոչ թե խոշտանգման հետեւանք է:

Իսկ Արամ Մուղալյանը հայտարարել է, որ ցուցմունք է տվել քննիչի ճնշման տակ, եւ խնդրել է ընթացք տալ այդ հայտարարությանը, սակայն որեւէ ընթացք չի տրվել:

Արման Դանիելյանն ասաց, որ քրգործում ինչ-որ էջեր են ավելացվել, ինչը կեղծիք է: Իսկ Մկրտիչ Դավթյանը կարծիք հայտնեց, որ դատական իշխանությունները սպասում են համաներման, որպեսզի ինչ-որ ձեւով խուսափեն ավելացված էջերի հարցը քննարկելուց:

Անկախ նրանից՝ համաներումը կտարածվի Արամ Մուղալյանի վրա, թե ոչ՝ Վահե Գաբրիելյանի խոսքով, իր պաշտպանյալը վճռական է պայքարել արդարացման համար:

Հոկտեմբերի 1-ին «Մեդիա կենտրոնում» էին Մուղալյանի պաշտպան, փաստաբան Վահե Գաբրիելյանը, Փիլոյանի եւ Առաքելյանի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Դավթյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը:

Նրանք ներկայացրին քրեական գործում առկա հակասությունները, նախաքննության ընթացքում արձանագրած խախտումներն ու բացթողումները: