Հայաստանի մասին Սահակաշվիլիի հայտարարությունը չի ազդել Վրաստանում նախագահական քարոզարշավի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժում կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: «Նախագահական ժամկետի ավարտին նրա հայտարարություններին քչերն են ականջալուր լինում: Իրենց ելույթներում թեկնածուները չեն քննարկել այդ հայտարարությունը: Այն ավելի շատ քննարկել են քաղաքագետներն ու երկրորդ կարգի պաշտոնյաները: Ոչ ոք չի ձգտում մեկնաբանել Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին հարցերը»,-նշեց Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուները, մասնավորապես երեք հիմնականները՝ Մարգվելաշվիլին, Բաքրաձեն եւ Բուջանաձեն, դեռեւս իրենց ծրագրերում հաշվի են առնում նաեւ երկրի ազգային փոքրամասնությունների շահերը: «Մասնավորապես, «Վրացական երազանք»-ի թեկնածու Գերոգի Մարգվելաշվիլին վերջերս Ծալկայում հանդիպում է ունեցել հունական, հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ»,-ասաց Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեին, նա իր քարոզարշավի ժամանակ բոլորից շատ է եղել Ջավախքում: «Ես չէի ասի, որ որպես երկրի խորհրդարանի խոսնակ, նա հայերին վերաբերվել է լավ կամ վատ: Նա նպաստել է օրենքի փոփոխություններին, որը թույլ էր տալիս գրանցել կրոնական կազմակերպությունները: Որպես քաղաքական գործիչ նա շատ չի անդրադարձել ազգային փոքրամասնությունների խնդիրներին եւ շատ հազվադեպ է խոսել այդ մասին: Մի խոսքով՝ նա պրոֆեսիոնալ եւ զուսպ խոսնակ է եղել»,-ընդգծեց Ստեփանյանը:
Այդուհանդերձ, ըստ նրա, «Միացյալ ազգային շարժման» մասին պետք է դատել ոչ թե հայտարարություններով, այլ արված գործերով: «Խոսքը նաեւ դպրոցները փակելու, տաճարների հարցի եւ ակտիվիստներին բանտարկելու մասին է»,-ասաց նա:
Առնոլդ Ստեփանյանը նաեւ նշեց, որ իրենց կազմակերպությունը վրացական մամուլի դիտարկում է իրականացնում, որի արդյունքները կներկայացնի ընտրությունների օրը:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի հոկտեմբերի 27-ին: Հիմնական թեկնածուներ են փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին («Վրացական երազանք») եւ խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն («Միացյալ ազգային շարժում»):





























