ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լուսանկարել է իր քվեաթերթիկը, որտեղ դեմ է քվեարկել գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այդ լուսանկարն ու գրել. «Կանխազգալով զարգացումները` լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն»:

Հիշեցնենք, որ Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, որոնցից դեմ են եղել միայն 3-ը:

Սա լուրջ աժիոտաժ է առաջ բերել ընդդիմադիր ուժերի շրջանում, քանի որ 7 պատգամավոր ունեցող ՀԱԿ եւ 5 պատգամավոր ունեցող «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, սակայն փաստացի դեմերը 3-ն են եղել, եւս 2 պատգամավորի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ «ժառանգություն» խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Ռուբեն Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, որոնք պնդում են, որ դեմ են քվեարկել: ՀԱԿ-ից քվեարկությանը մասնակցել են Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ-ում նույնպես պնդում են, որ իրենց բոլորը դեմ են քվեարկել (Հրանտ Բագրատյանը հրաժարվել է հայտարարել, թե ինչպես է քվեարկել):

Քվեարկությանը չեն մասնակցել «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը: