ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում յուրօրինակ ձեւով է արձագանքել լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկությունների, իր հայրենի գյուղը` Հայկաշենը, անմխիթար վիճակում է` ասֆալտապատված չեն անգամ գյուղի կենտրոնական փողոցները, հաղորդում է 168.am-ը:
«Ո՞ր մասն ա անմխիթար: Տնաշեն, մթոմ Երեւանը ասֆալտապատվավ, մի հատ էլ Հայկաշենի գյուղի փողոցներին հասա՞ք… Գյուղի ցենտրալնի ճանապարհը լրիվ ասֆալտապատված ա, թաղերն էլ ասֆալտապատե՞ն: Ի՞նչ ես ասում` զավոդի դիրեկտո՞րն եմ, ի՞նչ եմ, կարողա՞ ես Բեգլարյան Գագոն եմ քո համար… Ես ի՞նչ կապ ունեմ ասֆալտի հետ»:,-ասել է նա:
Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը, նա նշել է. «Էսի ջահել ա, արեք օգնենք, թող աշխատի, ի՞նչ ա եղել… Լավ չի՞, կամաց-կամաց էդ աթոռները պիտի հերթով տանք ջահելներին, հերթը ձերն ա, ապագան ձերն ա, հերիք ա՝ կառչեն էդ աթոռներից, հո էդ աթոռները պապենական չե՞ն: Բոլորդ օգնեք թող աշխատի»:
Հարցին, թե կարծում եք` Գեւորգ Կոստանյանն ավելի լա՞վ կաշխատի, քան Աղվան Հովսեփյանը, Սեյրան Սարոյանը դրական պատասխան է տվել. «Ինձ թվում ա, որ` այո: Դարը փոխվել ա, ջահելները առաջ են գնում»:
168.am-ի այն հարցին, թե համամիտ չե՞ք հնչեցրած մեղադրանքներին, որ Կոստանյանը մի շարք գործեր է կոծկել, պատգամավորը պատասխանեց. «Մեր ազգը տենց չի՞, սաղի վրա էլ ցեխ ենք շփում, տենց չի՞: Մի հատ նորմալ բան տեսան` հմի էլ` ցեխը շփում են: Հիմա էս տղեն բան չարած` արդեն ցեխ ենք շփում»:





























