ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին չի հաջողվել օրենք ընդունել դաշնային այգիների աշխատանքի եւ Կոլումբիայի օկրուգի, ինչպես նաեւ վետերանների աջակցության ծրագրերը ֆինանսավորելու վերաբերյալ:

Պալատը չի կարողացել հավաքել անհրաժեշտ ձայների երկու-երրորդը: Դեմոկրատ կոնգրեսականները հրաժարվել են քվեարկել այդ օրենքի օգտին:

Միաժամանակ, Սպիտակ տունը մերժել է հանրապետականների առաջարկը` պետհաստատությունները ընտրողաբար ֆինանսավորելու վերաբերյալ: Սպիտակ տնից հայտնել են, որ  նախագահը վետո կկիրառի ցանկացած օրինագծի վրա, որը ենթադրում է միայն առանձին պետհաստատությունների ֆինանսավորում` նման նախաձեռնությունն անվանելով «անլուրջ»։

Հոկտեմբերի 1-ին որոշ հաստատություններին բյուջետային միջոցներ հատկացնելու առաջարկով հանդես էին եկել Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամները, հայտնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ փոխզիջման բացակայության պատճառով, ԱՄՆ-ի պետական համակարգի ֆինանսավորումը դադարեցվել էր 17 տարվա մեջ առաջին անգամ: Երկրի կրած վնասը գնահատում են օրական 300 միլիոն դոլար: