Մաքսային միության վերաբերյալ ԱԻՄ-ի վերբերմունքը բացասական է եւ հիմնավորված: Այս մասին, այսօր` հոկտեմբերի  2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ Եվրամիության այլընտրանքը, ոչ թե կողմնորոշման, այլեւ առողջապահական հարց է: «Իպերիալիստական ոգով հավակնությունները մեզ ծանոթ են, իսկ ինչպիսի հետեւանքների են հանգեցրել, դա էլ գիտենք: Այն, որ Եվրոպական միությունը մի օր սահմանները պետք է ընդարձակի, դա անտարակույս է. 6 երկրից այն այսօր մոտենում է 30-ի: Իսկ ընդարձակման դեպքում պետք է ընդգրկվեն այսօրվա Եվրոպայի հարեւան երկրները, դա էլ է անտարակույս»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց այդ ամենը գիտակցելով որոշ պետական այրեր զբաղվում են պարզունակ մարզանքներով:

Նրա խոսքով՝ Եվրամիությունն, ի վերջո, պետք է հասնի մինչեւ Ատլանտյան օվկիանոս, իսկ Ատլանտյանից՝ Խաղաղ օվկիանոս: «Այլ ուղղությամբ տարվող բոլոր քայլերը հիվանդոտ հավակնության դրսեւորումներ են: Ռուսական պարզունակ իմպերալիզմին տուրք տալով նոր դրսեւորման նպատակը ընդամենը կործանված բռնապետությունը վերականգնելու կամ գոնե Ռուսաստանի գինը բարձրացնելու տարբերակ է»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Մաքսային միությունը ասպարեզ է գալիս բռնության հիմքի վրա. «Ասում է, եթե դառնաք Մաքսային միության անդամ, գազի գինը կիջեցնեմ: Բացահայտ բռնություն: Կամ ասում է, երբ դառնաք ՄՄ անդամ, Ադրբեջանին վաճառած մեր զենքերը կստիպենք, որ ձեր դեմ չկիրառի: Իսկ բռնությունը ինքնին խորթ է եւ օտար: Որքան էլ Պուտիկը կամ մեկ այլ գործիչ «փափուկ» բռնություն կիրառի»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը՝ հավելելով. «Տեսել ենք, թե Ռուսաստանն ինչպես է մեզ պաշտպանել թշնամուն զենք վաճառելով եւ երկրաշարժ կազմակերպելով»:

Հայրիկյանի համոզմամբ՝ որեւէ համգործակցություն չի կարող անդրադառնալ Ղարաբաղի հարցի վրա, քանի որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչ օրս որեւէ լուծում չի առաջարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am