ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հաստատել են գործողությունների պլանը՝ Կորեական թերակղզում անկանխատեսելի իրավիճակի դեպքում: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:

Այդ պլանում նշված են դաշնակիցների գործողություններն ի պատասխան Փհենյանի կողմից միջուկային եւ այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք կիրառելու սպառնալիքների: Բացի այդ, պլանում թվարկված են ամերիկյան «միջուկային հովանոցի» ամրապնդման միջոցառումները:

Պլանում նշվում է համապատասխան օբյեկտներին կանխարգելիչ հարվածների հնարավորությունը, եթե ԿԺԴՀ-ն որոշի միջուկային զենք կիրառել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, ԿԺԴՀ կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթը պահանջել է չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ համատեղ պաշտպանության մասին համաձայնագիրը: «Քանի դեռ այդ հանցավոր, ագրեսիան օրինականացնող փաստաթուղթը ուժի մեջ է, չի կարելի որեւէ առաջընթաց սկասել միջկորեական հարաբերություններում»,-ասված է թերթի հայտարարության մետ, որն արտահայտում է Կորեայի աշխատանքային կուսակցության կարծիքը: