Մաքսային միություն մտնելու համար ռուսաստանցի պաշտոնյաների կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: Նա վստահեցրել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրամիության հետ եւ կշարունակի բարեփոխումները: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը նոյեմբերի վերջին կմասնակցի Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:
Նախագահը հիշեցրել է, որ Մաքսային միությունում միայն Ռուսաստանը չէ, կան նաեւ այլ երկրներ: «Մենք առաջվա նման պատրաստ ենք ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու, սակայն եվրոպացի գործընկերներն ասում են, որ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը հակասում է Մաքսային միությանը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ակնկալվում էր, որ Հայաստանը այս տարվա նոյեմբերին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:
Սակայն սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին, որի կազմում Ռուսաստանից բացի ընդգրկված են նաեւ Բելառուսն ու Ղազախստանը:





























