Արդբեջանի նախագահական ընտրություններում Ազգային խորհրդի միասնական թեկածու Ջամիլ Հասանլին հրապարակել է երկրի շրջաններում իր կողմից կազմակերպվող միտինգների ժամանակացույցը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հոկտեմբերի 2-ից 6-ը նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Շեքայում, Գյանջայում, Աղդաշում,Սաբիրաբադում, Ջալիլաբադում, Բաքվում եւ Սումգաիթում: Հանդիպումները տեղի կունենան տարբեր ժամերի:

Մինչ դեռ Ադրբեջանի ԿԸՀ-ն դժգոհ է ընդդիմադիր թեկնածուի պահվածքից: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը, այս ընթացքում հեռուստաբանավեճի ժամանակ իրավակարգը խախտել է միայն Ջամիլ Հասանլին, ով եթերից վիրավորել է երկրի նախագահին, ինչը սահմանադրորեն արգելվում է: «ԿԸՀ-ն մշտապես փորձում է թեկնածուներին զիջումների գնալ, եւ այս անգամ մենք բավարարվեցինք միայն խիստ նախազգուշացմամբ»,- ընդգծել է Փանահովը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Հիմնական թեկնածուն գործող նախագահ Իլհամ Ալիեւն է: Հեյդար Ալիեւի ժառանգը նախագահի պաշտոնը ստանձնել է 2003թ.-ից: Ադրբեջանի փոփոխված սահմանադրության համաձայն միեւնույն մարդը կարող է մի քանի անգամ նախագահ ընտրվել: Ակնհայտ է, որ նման փոփոխություն մտցվել է հատուկ կրտսեր Ալիեւի համար: