Երեւանում տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու յուրօրինակ լուծումներով հարդարման, ինչպես նաեւ բակային տարածքների նկարազարդման շրջանակներում, քաղաքի 230 բակերում արդեն ավարտվել են նկարազարդման աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը: Յուրօրինակ այս մոտեցման արդյունքում բակերում առկա ավտոտնակների եւ հարակից այլ շինությունների պատերը դառնում են գունառատ: 2012թ-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում:
Երեւանի զարգացման 2013թ-ի ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու յուրօրինակ լուծումներով հարդարման աշխատանքների արդյունքում էլ այս տարի վերանորոգվեց ու նկարազարդվեց շուրջ 35 կամարանցում, որով էլ ամբողջությամբ ավարտվեց ծրագիրը: Երեւանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ-ից մեկնարկած ծրագիրը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ներառեց մայրաքաղաքի վարչական շրջանների բոլոր կամարանցումները: Ընդհանուր առմամբ անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են: Երեւանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր մայրաքաղաքի 179 կամարանցումներ բարեկարգված են ու նկարազարդված հայկական բնաշխարհի պատկերներով, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններով ու հայկական էպոսի եւ հայտնի հեքիաթների ճանաչված հերոսներով:





























