Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վիրավորում են քաղաքականությունից ծրագրված հեռանալու վերաբերյալ մեկնաբանությունները, երբ ասում են, թե նա «փախչում է»: Հաղթողները չեն փախչում, հոկտեմբերի 2-ին հայտնել է նա լրագրողների հետ հանդիպմանը:
«Որտե՞ղ եք դուք լսել, որ հաղթողը փախչի: Որպես կանոն՝ փախչում են պարտվածները: Երբ դուք կիրառում եք «փախչում է» կամ «չի կարողանում կատարել խոստումը», կամ «վախենում է» արտահայտությունները, դուք չե՞ք հիշում, թե ինչ դրություն էր, երբ ես եկա եւ ինձ զոհեցի ուղղակի իմաստով: Ես ամաչում եմ, երբ այդքան իմ մասին եմ խոսում, սակայն դա ինձ թույլ եմ տալիս, քանի որ ես ոչ մի արժանի գնահատական չլսեցի լրագրողների եւ փորձագետների կողմից», - ասել է Իվանիշվիլին: Նա վստահեցրել է, որ ինքը բավական ուժ եւ հնարավորություն ունի՝ իրեն «սխալ արտահայտություններից» պաշտպանելու համար, հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»:
Սեպտեմբերին Իվանիշվիլին հայտարարել էր, որ որոշել է քաղաքականությունից հեռանալ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ անց, որը նշանակված են հոկտեմբերի 27-ին, եւ զբաղվել քաղաքացիական սեկտորի զարգացմամբ: Ընդ որում՝ Իվանիշվիլին խոստացել էր, որ նախապես կհայտնի իր հեռանալու մասին եւ համախոհներին կներկայացնի իրեն արժանի հետնորդ:
«Իհարկե, հեռանալուց հետո ես ազդեցություն կունենամ, եւ մեծ: Թեեւ ես քաղաքացիական սեկտոր եմ անցնում, ես մեծ վստահություն եմ վայելում եւ կխստացնեմ իմ վերահսկողությունը կառավարության նկատմամբ եւ իշխանություններից շատ բան կպահանջեմ», - հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Ընդ որում, նա նշել է, որ մտադիր չէ կառավարությունը ղեկավարել հետնաբեմից:





























