2050 թվականին երկրագնդի բնակչությունը կավելանա 2,6 մլրդ-ով եւ ներկա 7,141 մլրդ-ից կհասնի 9,731 մլրդ: Նման կանխատեսում է արված ժողովրդագրական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի  (Institut national d'etudes demographiques, INED) զեկույցում:

Բայց դրանով երկրագնդի բնակչության աճը չի դադարի եւ 21-րդ դարի վերջին կհասնի 11 մլրդ-ի:

Գիտնականները ուշադրություն են հրավիրում նրան, որ 6 մլրդ-ի սահմանագիծը հատվել է 1999 թվականին, իսկ ընդամենը 12 տարի անց՝ 2011-ին երկրի բնակչությունն ավելացել է մեկ մլրդ-ով:

Ֆրանսիացի գիտնականները եզրակացնում են, որ 2050 թվականին բնակչության քառորդ մասը կենտրոնացած կլինի Աֆրիկայում եւ այնտեղ բնակչության թիվը կկազմի 2,435 մլրդ: Եվրոպան, ըստ կանխատեսման, կլինի միակ աշխարհամասը, որի բնակչությունը կկրճատվի՝ 740 մլն-ից (2013թ) նվազելով մինչեւ 726 մլն-ի (2050թ):

Ներկայումս ամենաշատ բնակչությունն ունի Չինաստանը (1,36 մլրդ կամ բնակչության 19 տոկոսը), երկրորդ տեղում Հնդկաստանն է (1,27 մլրդ կամ բնակչության 17,4 տոկոսը): Երրորդը ԱՄՆ-ն է (316,2 մլն կամ 4,4 տոկոս):