Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է օգնել կառավարությանը՝ Անակլիայում նավահանգստի շինարարության ծրագրի  իրականացման հարցում (Սամեգրելոյի շրջան՝ Զեմո Սվանեթի), այսմասին նա անձամբ հայտարարել է հոկտեմբերի 2-ին՝ Անակլիա այցելության  ժամանակ: Ընդ որում, վրացի առաջնորդը պատասխանել է, թե նշանակություն չունի՝ ինչ անուն կունենա նավահանգիստը, թեկուզ՝ Նյու Չորվիլա:

Չորվիլան Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հարազատ գյուղն է, որը գտնվում է Սախչերի շրջանում (Իմերեթեիի մարզ, Արեւմտյան Վրաստան):

«Բազմաթիվ նախագծեր են դադարեցվել, որի պատճառով էլ մեծ թվով մարդիկ առանց եկամուտների են մնացել, դրա հետեւանքով տնտեսությունը լճացել է, անվտանգության խնդիրներ են ծագում, եւ տվյալ իրավիճակում մենք պետք է միասին գործենք:  Այս նավահանգիստը պետք է կառուցվի, եւ այժմ դա բոլորն են ընդունել:  Աշխատենք բոլորս միասին, եւ թող այն անվանեն թեկուզ Նյու Չորվիլա՝ Լազիկայի փոխարեն», - նշել է Սահակաշվիլին:

Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, թե Անակլիա նավահանգիստը եւ Լազիկան տարբեր բաներ են, որին Սահակաշվիլին համամիտ չէ,  պնդելով, որ դա նույն բանն է, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Միխայիլ Սահակաշվիլիի Անակլիա այցի ժամանակ քաղաքում միաժամանակ երկու  հանրահավաք էր տեղի ունենում՝ պետության ղեկավարի  աջակիցների եւ ընդդիմադիրների: 

Տեղի բնակիչները փողոց էին դուրս եկել՝ նախագահին աջակցելու: Ըստ նրանց՝ Անակլիան այսպիսին է դարձել Միխայիլ Սահակաշվիլիի նախագահ դառնալուց հետո. նա իրավունք ունի այդտեղ գալու՝ «իր կառուցած տարածք»:

Անակլիայում նախագահի դեմ բողոքի ցույցի կազմակերպիչը «Պաշտպանիր Վրաստանը» հասարակական շարժման հիմնադիրներից Կախա Միկայան է եղել: Նա նշել է, որ Սահակաշվիլին «բարոյական իրավունք չունի» այցելել Մեգրելիա: «Նա տղամարդկանց բռնաբարող է, եւ հենց այստեղ են եղել մարդկանց բռնաբարելու թաքստոցները», - ասել է նա:

Միխայիլ Սահակաշվիլին լրագրողների հետ զննել է տարածքը, որտեղ պետք է կառուցվի նավահանգիստը: Նախագահը վստահեցրել է, որ նավահանգիստն անպայման կառուցվելու է՝ ով էլ իշխանության ղեկին լինի: