Մշակույթի նախարարը  զեկուցել է, տեղյակ պահել «Փակ շուկայի» հետ տեղի ունեցածի վերաբերյալ, հարցը քննարկվել է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որը վերաբերում էր Երեւանի «Փակ շուկայի» ճարտարապետական տեսքի պահպանմանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել պատմամշակութային հուշարձանը պահպանելու համար։ Փաշինյանը նշեց,որ որ անհասկանալի է կառավարության լռությունը, կառավարությունը օրենսդրական փոփոխություններ է այս փուլում նախաձեռնում՝ ցույց տալու համար, որ օրենդրական բացն է պատճառը, որ չի կարողացել « Փակ շուկայի» պահպանության համար միջոցներ ձեռնարկել:

Փաշինյանը հիշեցրեց, որ «Պատմության եւ մշակույթի հուշարձանների մասին» ՀՀ- օրենքով եւ կառավարության որոշումնեը տալիս են կառավարությանը եւ նրան առնթեր մարմիններին լիարժեք լիազորություն՝ իրականացնելու գործառույթներ: «Հարցս մնում է ծայրահեղորեն պարզ՝ ինչո՞ւ կառավարությունը չի իրականացրել «Փակ շուկայի» պահպանության համար անհրաժեշտ գործառույթները, որոնցով լիազորվել է իմ նշած իրավական ակտերի շրջանակներում»,- հարցրեց Փաշինյանը:

«Պարոն վարչապետ, անկեղծ ասած, Ձեր՝ Չինաստանում գտնվելն ավելի խոսուն էր, քան նման բնույթի ձեր պատասխան տալը»,- նշեց Փաշինյանը, հավելելով, որ հստակ արձանագրվել է, որ նախագծից շեղում կա, վերահսկող մարմիններն էլ չեն արել իրենց գործը: «Հիմա դուք ասում եք՝ զեկուցել են ձեզ: Ի՞նչ են զեկուցել, այդպես էլ հասկանալի չէր մեզ: Ես հիմա հասկանում եմ, որ դուք հերթական անգամ չունեք պատասխաններ եւ ուղղակի ամբիոն եք բարձրանում ինչ-որ մի ժամանակ լրացնելու համար: Գոնե 3 րոպե խոսեինք, հասկանայինք, որ ինչ-որ բան ունեք ասելու: Այդ ողջ պատմությունից ստիպված ենք ուղղակի արձանագրել, ձեր կառավարությունն ի զորու չէ իրականացնել ործառույթներ: Նպաստում եք օլիգարխների քմահաճույքներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կառավարությունից ոչ ոք ժողովրդից վստահության քվե չի ստացել, եւ կառավարության անդամ ու վարչապետ նշանակվել են այն մարդիկ, որոնցից մեկը ոչնչացրել է ճարտարապետական հուշարձաններից մեկը: Այսպիսով, Փաշինյանի խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը չունի կառավարություն: Կան նախարարներ, կա վարչապետ, որոնք ծառայում են օլիգարխներին:

Ի պատասխան դրան Տ. Սարգսյանն ասաց. «Պարոն Փաշինյան, ձեզ համար ընդհանրապես կարեւոր չէ՝ ինչ հարց է քննարկվում Ազգային ժողովում, ինչ հարց եք դուք բարձրացնում, ձեզ բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում: Ձեզ հետաքրքրում են այն գնահատականները, որ դուք տալիս եք: Ցանկացած հարցի շուրջ մենք լսում ենք ձեր նույն գնահատականները, եւ ձանձրացել ենք ձեր գնահատականներց»։

Նա նշեց, որ իր կարծիքով՝ Փաշինյանին չի հետաքրքրում ոչ շուկայի խնդիրը, ոչ ժողովրդի կենսամակարդակի խնդիրը: «Ձեզ հետաքրքրում է միայն ձեր անձնական ամբիցիաները բավարարելու խնդիրները: Ինչքան ավելի գեղեցիկ լինի ձեր ելույթը, ինչքան ավելի վիրավորական լինի, որպեսզի դուք բարձրացնեք ձեր քաղաքական ռեյտինգը: Ես էլ ունեմ իմ քաղաքական գնահատականը, բայց ես հարգում եմ Ազգային ժողովը եւ ինձ թույլ չեմ տալիս իջնել այդ մակարդակին»,- նշեց վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասաց, որ, այո, մենք ունենք խնդիրներ, այդ թվում՝ Փակ շուկայի հետ կախված.  «Եղել են լրջագույն դեբատներ մշակույթի նախարարությունում, սանկցիաներ են կիրառվել, պետք է մենք լուծում գտնենք այդ հարցի շրջանակներում»։