Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովում պարզաբանել է, թե ինչպե՞ս է տեղի ունենալու ապրանքների ազատ տեղաշարժը Մաքսային միության սահմաններում` հաշի առնելով, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի այդ միության հետ:

Վարչապետի պարզաբանումը հնչել է ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանի բանավոր հարցման:

«Տեխնիկան այնպիսին է, որ Մաքսային միության մյուս պետություններում նույն ֆորմատով տրվում են այնպիսի փաստաթղթեր, ինչպիսին` Հայաստանում: Բոլոր երկրներում ճանաչվում են այն փաստաթղթերը, որ տրվում են Հայաստանի Հանրապետության կողմից, եւ եթե ապրանքն այդ փաստաթղթերով հայտնվում է Մաքսային միության տարածքում` մաքսազերծման անհրաժեշտություն չի առաջանում, որովհետեւ ՀՀ-ում տրամադրված փաստաթղթերը հիմք են ընդունվում: Այդ մեխանիզմը թույլ է տալու էապես նվազեցնել տրանզակցիոն ծախսը, որոնք առաջանում են արտահանողների մոտ»,- ասաց Տ. Սարգսյանը: