Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը «ՀայՌուսգազարդի» եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ դեռեւս ստորագրված չէ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` դեռեւս բանակցային գործընթացում ենք:

Պարզաբանումը հնչեց ի պատասխան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցման, ով խնդրեց իրեն տրամադրել պայմանագիրը, եթե դրանում չկա պետական գաղտնիք:

«Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն։ Այն պահին, երբ դրանք կստորագրվեն, դա կլինի հրապարակային, ավելին, այդ պայմանագրերը կբերվեն Ազգային ժողով, որովհետեւ մենք Ձեզ հետ միասին պետք է մանրակրկիտ քննարկենք այդ պայամանագրում ներառված բոլոր դրույթները»,- ասաց վարչապետը: