Վայոց ձորի մարզում հոկտեմբերի 4-ից 6-ը կայանալու է Գինու փառատոն-2013-ը: Փառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները` ընդգրկելով Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ, Արենի եւ Եղեգնաձոր համայնքները:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, թե փառատոնի նպատակն է նպաստել միջազգային եւ ներքին զբոսաշրջային շուկայում Վայոց Ձորի մարզի, Արենի, Ռինդ, Եղեգնաձոր եւ շրջակա համայքների` որպես բարենպաստ եւ գրավիչ զբոսաշրջավայրի (այդ թվում` գինեգործության բնօրրանի եւ միջազգային գինու ճանապարհի կարեւորագույն բաղկացուցիչ մասերից մեկի) նկարագրի ձեւավորմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը, հայկական ավանդույթների եւ մշակույթի պահպանությանն ու զարգացմանը, Հայաստանի համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:
Արենի համայնքում գինու փառատոնը կկայանա հոկտեմբերի 5-ին: Փառատոնին ներկայացված կլինեն գործարանային եւ տնական արտադրության գինիներ, հուշանվերներ: Այցելուների համար կստեղծվեն հանգստի գոտիներ, կգործեն սննդի տաղավարներ եւ սրճարաններ: Փառատոնի ընթացքում գյուղի տարբեր հատվածներում կկազմակերպվեն ավանդական խաղեր, թատերական բեմադրություններ, շոու ծրագրեր: Ներկաները հնարավորություն կունենան նաեւ այցելելու եկեղեցի, որտեղ իր կատարումներով հանդես կգա մարզի երգչախումբը: Գյուղի բնակիչները սիրով կհյուրընկաեն գյուղական կյանքով հետաքրքրված հյուրին:
Մեկ օր առաջ, հոկտեմբերի 4-ին, Ռինդ համայնքում տեղի կունենա տնական արտադրության գինիների մրցույթ: Վայոց Ձորի մարզի տարբեր գինեգործական համայնքներից մի շարք տնական գինի արտադրողներ իրենց հատկացված տաղավարներում Ռինդ ժամանած հյուրերի եւ մասնագիտական ժյուրիի դատին կներկայացնեն իրենց անուշահամ գինիները: Օրվա ավարտին գաղտնի քվեարկության արդյունքում կընտրվեն լավագույն գինիները, որոնց մրցանակներ կշնորհվեն փառատոնի կազմակերպիչ կառույցների կողմից: Այդ օրը բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու խաղողի բերքահավաքին, կստեղծվեն հնարավորություններ խմբերով մեկնել այգիներ եւ հետաքրքիր ու հիշարժան ժամանց անցկացնել: Միջոցառման ամբողջ ընթացքը կուղեկցվի երաժշտական համարներով եւ պարային կատարումներով:
Իսկ հոկտեմբերի 6-ին մարզկենտրոն Եղեգնաձորում կկայանա Գինու Փառատոն 2013-ի Բերքի տոն եզրափակիչ միջոցառումը: Մարզի բոլոր համայնքներն իրենց հատկացված տաղավարներում կներկայացնեն իրենց գյուղատնտեսական արտադրանքը: Այցելուներին հնարավորություն կտրվի ճաշակել տվյալ տեղանքին հատուկ ճաշատեսակներն ու բերք–բարիքը: Միջոցառումը կուղեկցվի թատերական, համերգային, պարային ծրագրերով: Միջոցառման ավարտին կկազմակերպվի հեղինակային երգերի ‹‹Եղեգ›› հանրապետական փառատոն-մրցույթը:





























