Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձր գնահատականի են արժանացել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ նախագահի պատասխանները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա, դրանք հասուն պատասխաններ են՝ վայել քաղաքական գործչին։ Հայ պատգամավորը գոհ է թե ԵԽԽՎ-ում կայացած հանդիպումներից, թե նախագահի պատասխաններից։ «Բազմաթիվ հարցերի, որ տարիներ շարունակ քննարկվում էին, հստակ պատասխան տվեց նախագահը։ Գնահատականը շատ բարձր է»,- ասաց հայկական պատվիրակության ղեկավարը։
Դավիթ Հարությունյանից մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում բարձրացրած հարցի վերաբերյալ, մասնավորապես՝ որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, թե ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր հարցը զիջել էր «Ժառանգության» պատգամավորին։ «Մենք ընդհանրապես հնարավորություն ընձեռում ենք մեզ փոխարինող պատգամավորներին հարց տալ։ Քաղաքականությունը պահանջում է, որ մեր ընդդիմության գործընկերներին հնարավորություն ընձեռենք հարց տալու եւ սա առաջին դեպքը չէ, երբ զիջում ենք՝ հաշվի առնելով որ մեզանում ձեւավորվել են նորմալ գործընկերային հարաբերություններ։ Ցավում եմ, որ Զարուհի Փոստանջյանն այդպես օգտագործեց հարավորությունը, որ մեր քաղաքական դաշտը այդ աստիճան նսեմացրեց, որ ընդդիմության դերակատարումը այդ աստիճան նսեմացրեց։ Որոշ անձինք համարում են որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները կիրառելի են, բայց ես համոզված եմ, որ նմանատիպ սկանդալային մեթոդները հարիր չեն Հայաստանի քաղաքական գործչին»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն է տվել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:
Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման հայտարարությունը հայ պատվիրակի երեւակայության արդյունքն է:
«Ցավոք, նախագահական ընտրություններում Ձեր թեկնածուն չկարողացավ դրսեւորել որակներ, որոնցով նա կարող էր ներկայացնել հայ ժողովրդին»,-հայտարարել էր Հայաստանի նախագահը:





























