ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է դեֆոլտի վտանգի մասին: Նախագահը հայտարարել է, որ խոշոր բիզնեսը պետք է անհանգստանա, քանի  որ Հանրապետական կուսակցության պահպանողկան թեւը պատրաստ է երկիրը դեֆոլտի հասցնել՝ պետական պարտքի հարցով:

Ըստ Օբամայի` ինքը հրաժարվում է հանրապետականների հետ բյուջեի վերաբերյալ բանակցություններ վարելուց, քանի դեռ վերջիններս դաշնային կառավարությանը թույլ չեն տվել  վերսկսել աշխատանքը եւ չեն քվեարկել պետական պարտքի շեմը բարձրացնելու օգտին: 
Օբաման հայտարարել է, որ ստեղծված իրավիճակն իրեն վրդովեցնում է:  Ավելի ուշ Սպիտակ տանը Օբամայի եւ առաջատար կոնգրեսականների բանակցություններն անարդյունք են ավարտվել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հոկտեմբերի 1-ին դաշնային իշխանությունները փակել էին  մի շարք երկրորդական հաստատություններ եւ աշխատակիցներին ուղարկել չվճարվող արձակուրդի: Երկրում փակ են ազգային պարկերը եւ զբոսաշրջային տեսարժան վայրերը, չեն աշխատում կառավարական կայքերը, որոշ գրասենյակներ եւ այլն: