Հայաստանի քրեակատարողական վարչությունը պնդում է, թե Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանին վտանգ չի սպառնում:

ՔԿՎ լրատվական վարչությունից փոխանցեցին, որ քիչ առաջ է բժիշկը նրա մոտից դուրս եկել եւ փոխանցել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:  «Բժիշկը քիչ առաջ են նրա մոտից դուրս եկել: Լուրջ վտանգ չկա: Գտնվում է առանձին խցում բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ սոցիալ հոգեբանական աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ, սակայն նրան դեռ չի հաջողվել հակառակում համոզել»,- տեղեկացրեցին ՔԿՎ-ից: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը արդեն  8 օրն է ինչ  հացադուլ եւ 3 օրն է, որ ջրադուլ է հայտարարել: Ավելին` նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը: Նրա խոսքով, հատկապես ջրադուլը ինչքան երկարում է, այնքան կյանքին  սպառնացող վտանգը մեծանում է: «Նրա հետ հանդիպումներ ունենում եմ եւ օր-օրի վիճակը վատանում է: Սակայն վճռական է տրամադրված եւ փորձելու է ամեն կերպ հասնել արդարության: Նա պահանջում է, որ կալանքի հարցը օրինական ձեւով քննեն, օրենքին համապատասխան հիմնավորված որոշում կայացնեն, քանի որ մինչ օրս հնչեցված որոշումները ակնհայտ անհիմն են»,- ավելացրել էր փաստաբանը:

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը մեղադրվում է  ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մի ընտանիքի խոտի դեզն այրելու փորձի մեջ: Նրա հետ ձերբակալվել էին եւս 3 երիտասարդներ: