Զվարթնոց օդանավակայանի  հին համալիրը վտանգավոր կառույց է: Այդ մասին ասվում է  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ:

«2002թ հունիսին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա արգենտինական ընկերության միջեւ կնքված 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով Զվարթնոց միջազգային օդանավակայանը հանձնվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: 

Ի սկզբանե մեր հիմնական նպատակը եւ պարտավորությունն է եղել  ապահովել ուղեւորների ու թռիչքների անվտանգությունը եւ ապահովությունը: Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004թ Հայաստանի կառավարությունը հաստատեց մեր մաստեր պլանը, որով սահմանվում էր, որ պետք է կառուցվի նոր  ուղեւորային համալիր, որը կհամապատասխանի սեյսմակայունության պահանջներին, կունենա  ջեռուցման եւ լույսի վերահսկման համակարգ, ուղեւորների ապահովության համար  ժամանակակից սարքավորումներ:

Նոր շինությունը կառուցվել է հին շենքի հարեւանությամբ, որը կառուցվել է 1982թ, սակայն այլեւս չի օգտագործվում եւ չունի ներկայումս պահանջվող համապատասխան սեյսմակայունություն եւ օդանավակայանի հատակագծի վրա տեղաբաշխված է` ապահովության եւ անվտանգության ժամանակակից նորմատիվներին ոչ համապատասխան:  

2007թ մենք գործարկեցինք առաջին համալիրը, իսկ 2011թ պաշտոնապես բացվեց նոր օդանավակայանը: Ռազմավարական առումով գտնվելով  Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում Զվարթնոց միջազգային օդանավակայանը դարձել է տարածաշրջանային հաբ, որը կարող է տարեկան սպասարկել մոտ 3 միլիոն ուղեւոր: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն կառուցել է ավելի քան 19,000 քմ մակերեսով մեկնման եւ ժամանման նոր սրահներ (ստերիլ գոտի), կոմերցիոն  տարածքներ,  VIP սրահներ եւ ուղեւորների նստեցման կամրջակներ: 

Ինչ վերաբերում է հին համալիրին, այն ներկայումս  շատ վտանգավոր կառույց է: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ռեսուրսներ չի տրամադրի հնացած  շինության պահպանման վրա, ինչպես նաեւ պատասխանատվություն չի կրի որեւէ վթարի դեպքում:

Մենք մտադիր ենք եւ պատրաստ ենք արդիականացնել Զվարթնոց միջազգային օդանավակայանը, սակայն ռեսուրսներ եւ ժամանակ չենք ծախսի ռիսկային եւ օգտագործումից դուրս եկած շինության պահպանման վրա, որը չի համապատասխանում ժամանակակից աերոնավիգացիոն ստանդարտներին»: