Մաքսային միությանն անդամակցելը ու ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին այս պահին գոյություն ունեցող պայմանագիրը միմյանց բացառող բաներ են: Այս մասին հոկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Ըստ դիվանագետի՝ Հայաստանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին փաստաթուղթը պատրաստ էր Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթաժողովում նախաստորագրելու համար, սակայն Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ փոխեց պատկերը. «Դրանք միմյանց բացառող բաներ են: Համենայնդեպս՝ այսօր գոյություն ունեցող ձեւով», - նշել է դեսպանը: Ըստ նրա՝ Հայաստանի ՄՄ մտնելու դեպքում պետք է հաշվի առնել, որ տվյալ կառույցն ունի իր կանոնները: Դա նշանակում է՝ Հայաստանն այլեւս չի կարող ինքնուրույն այլ երկրի հետ պայմանավորվել մաքսային հարցերի շուրջ. ՄՄ-ն իր խաղադրույքները կթելադրի:
«Տրամաբանական է, որ հնարավոր չէ աշխատել միաժամանակ երկու ուղղություններով: Բայց պետք է փորձել առաջ գնալ», - կարծում է Ռայներ Մորելը:
Դիտարկմանը, թե ՀՀ նախագահը նախօրեին հայտարարեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության մասին, դեսպանը պատասխանեց, որ հարկավոր է գործնականում հստակեցնել, թե ինչպես է հնարավոր շարունակել աշխատանքը: «Հարկավոր է կանգ առնել ու որոշել, թե ինչ է կարելի անել ու ինչը չի կարելի», - նշել է դիվանագետը:
Ռայներ Մորելը հիշեցրել է, որ Արեւելյան գործընկերության գաղափարը հասարակության արդիականացման եւ տնտեսության ոլորտում համագործակցության դաշտ առաջարկելն էր:
«Առաջարկն առայժմ օրակարգում է: Եթե այն անգամ փոխվի ՄՄ մտնելու պայմաններում, գաղափարն այնուամենայնիվ կմնա»: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, դեսպանն ընդգծել է ՌԴ կարեւորությունը Հայաստանի համար. այն Հայաստանի համար խոշոր գործընկեր է, եւ դա վատ չէ: «Թեեւ Եվրոպան նույնպես կարեւոր դեր է կատարում Հայաստանի ապրանքաշրջանառությունում: Եթե թվերը ճիշտ եմ հիշում, Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 22%, Եվրոպայի հետ՝ 29%:
ԵՄ երկրները ցանկանում են Հայաստանի հետ շարունակել տնտեսական կապերը:
Ապագան ցույց կտա, թե ՄՄ անդամակցությունը որքանով կբարդացնի ՀՀ եւ ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Բայց վստահ եմ՝ առեւտուրը պետք է շարունակվի:
Ըստ դիվանագետի՝ Հայաստանը եվրոպական շուկա կարող է դուրս բերել օգտակար հանածոներ, ծառայություններ եւ գյուղատնտեսական արտադրանք: Սակայն դեսպանը դժվարացավ ասել, թե որքանով այդ արտադրանքը կլինի մրցունակ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























