Առաջին անգամը չէ, որ ես պետք է մտածեմ իմ անձի անվտանգության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ստրասբուրգից ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա պատասխանեց եւս մի քանի հարցի:

Տիկին Փոստանջյան, հավանաբար, արդեն տեղյա՞կ եք, որ ձեզ հեռացրել են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմից:

Այո: Բայց Հովիկ Աբրահամյանը արդեն կրկնվում է: Առաջին անգամ տրված պատասխանը երկրորդ անգամ էլ կտրվի:

Ձեր հարցից հետո, ձեր հասցեին սպառնալիքներ, քննադատություններ հնչեցվե՞լ են, թե՞ ոչ: Այս պահին ձեզ անվտանգ զգո՞ւմ եք:

Անձամբ ինձ ոչ ոք ոչինչ չի կարող համարձակվել ասել: Առաջին անգամը չէ, որ ես պետք է մտածեմ իմ անձի անվտանգության մասին: Ես գիտեմ՝ ինչ պայքարի մեջ եմ: Պայքարը մեր ազգային ազատությունների համար է: Ես, ոչ առաջին սերունդն եմ, հավանաբար, ոչ էլ վերջին: Հետեւաբար, քաջ գիտակցելով այդ ամենը՝ ես պայքարից չեմ վախենում: Վախի սինդրոմով չեմ տառապում:

Իսկ Սերժ Սարգսյանի պատասխանը ձեզ գոհացրե՞ց:

Կարելի է ասել՝ իր հոգեբանական վիճակի մասին էր խոսում: Իր պատասխանից հասկանում ես, որ իր երջանկության համար հարկավոր են միլիոնավոր եվրո: Իսկ իմ երջանկության համար հարկավոր է ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան: Ես երջանիկ եմ, որովհետեւ ունեմ հայրենիք եւ պայքարելու եմ մեր ազատության, անկախության ու միացյալ Հայաստանի համար: Սերժ Սարգսյանն ինքն իրեն մատնեց, որ ինքը ընտրություններով չի ստացել ժողովրդի քվեն եւ Րաֆֆի Հովհաննիսյանին է պատկանում ժողովրդի քվեն:

Ինչպես հասկացա, չեք զղջացե՞լ նման հարց հնչեցնելու համար:

Ոչ միայն չեմ զղջացել, այլեւ իմ պարտականությունն եմ կատարել: Հայաստանի 80 տոկոս քաղաքացիների հարցը հղել եմ Սերժ Սարգսյանին: Այլեւ բոլոր այն անձանց ովքեր իրենց լռությամբ մեղսակից են, թե փետրվարի 18-ի կազմակերպված հանցագործության, թե ընդհանրապես մեր երկրում տարիներ շարունակ իրականացվող հանցագործությունների համար, որոնք ոչ միայն չեն բացահայտվում, այլեւ հետեւանքները չեն վերանում մեր երկրից:

Իսկ ինչու այդ հարցը Սերժ Սարգսյանին չտվեցի՞ք Հայաստանում, այլ հենց ԵԽԽՎ-ում:

Այն պարզ պատճառով, որ այստեղ այդ հարցը հնչեցնելու տեղն ու ժամն էր:

Ձեզ մեղադրում են, որ իրադարձությունը կարող է օգտագործել Ադրբեջանը Հայաստանի դեմ:

-Ես չգիտեմ Ադրբեջանի որեւիցե ներկայացուցիչ ինչ կանի, բայց այսօր պատկերը այնպիսին է, որ 15 հազար ադրբեջանցի չկա այստեղ գաղթականի կարգավիճակում, բայց շատ եմ ցավում, որ 3 տարվա ընթացքում Հայաստանի այդքան քաղաքացի այստեղ արդեն գաղթականի կարգավիճակ ունի:

Կարծիքներ են հնչում, թե հարցը համաձայնեցված էր իշխանության հետ եւ պատահական չէր, որ ՀՀԿ-ական պատգամավորը իր հարցի իրավունքը զիջել է ձեզ:

Եթե կարդաք այստեղի կանոնակարգը, կտեսնենք, որ պատվիրակության անդամներից, որեւիցե մեկը ձայնի իրավունքի սեփականության վկայական չունեն: Այստեղ, որեւիցե մեկը թող չշահարկի, որ ինքը ուներ ձայնի սեփականության իրավունք եւ այն զիջել է ինձ: Այդպես չի: Իսկ, եթե պայմանավորված էր, ինչո՞ւ են իշխանությունները այսքան վրդոհված: Նույն ինքը Սերժ Սարգսյանը, կամ մնացածը: Ճանաչում եմ Սերժ Սարգսյանին որպես հանցագործ , իսկ հանցագործների նկատմամբ իմ վերաբերմունքը չի կարող լինել պայմանավորվածության շրջանակում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am