Ամեն մի պատգամավոր պետք է առաջնորդվի իր համոզմունքներով եւ խղճով, ինչպես որ նախատեսված է Սահմանադրությամբ: Սակայն ամեն մի պատգամավոր նաեւ պետք է հարգի մեր պետականության խորհրդանիշները, որից մեկը Հայաստանի նախագահն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողներին ասել է «Օրինաց երկիր» կուսակցության  խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի խոսնակի ՝ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում ԱԺ-ի պատվիրակության կազմից կրճատելու վերաբերյալ որոշումը:

«Նախագահը եւ նախագահի ինստիտուտը պետականության խորհրդանիշներից են, եւ չեմ կարծում, որ որեւէ պատգամավորի պատիվ է բերում օտարության մեջ պետականության խորհրդանիշը սեւացնելը: Դա ինձ համար անընդունելի է», - ընդգծել է Մարգարյանը: Նա հավելել է, որ խորհրդարանի խոսնակի որոշումը բխում է Ազգային ժողովի կանոնադրությունից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am