Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Իմ սրտի ուղեկից» նշանաբանով «Էրեբունի-Երեւան-2795» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների մանրամասները։ Տոնակատարությունը նախատեսված է անցկացնել երկու օր շարունակ։

«Այս տարի կունենանք բազմաթիվ հյուրեր: 30-ից ավելի պատվիրակություններ են ժամանելու 17 երկրներից: Նկատենք, որ «Էրեբունի-Երեւանի» տոնակատարություններին նման թվով մասնակցության ցուցանիշ դեռեւս չի եղել»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե «Էրեբունի-Երեւան-2795» տոնակատարությունների մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, փողոցի երկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ։ Առաջին օրվա միջոցառումը ամփոփվելու է նույն հրապարակում՝ «Երեւանում տոն է» խորագրով համերգային ծրագրով։

Տոնակատարության հիմնական միջոցառումները նախատեսված են հոկտեմբերի 12-ին՝ մարաքաղաքի կենտրոնի փողոցներում, զբոսայգիներում եւ պուրակներում, շուրջ 30 բեմահարթակներում։ Ծրագրում ներառված են երաժշտական, թատերական ներկայացումներ, մարզական միջոցառումներ՝ ընդգրկուն բազմազանությամբ։ Դասական, ջազ, էստրադա, ռոք, հեղինակային եւ այլ երաժշտական ելույթների համար այս տարի նույնպես հատկացվել են առանձին բեմեր։ Ազգագրական եւ ժողովրդական, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համերգները եւս հնչելու են մի քանի բեմերից։ Մանկական ներկայացումների հարթակները Կիրովի անվան մանկական զբոսայգում են լինելու, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում։

«Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին արդեն ավանդական դարձած միջոցառումներից բացի, Արամ Սուքիասյանը թվարկել է նաեւ այս տարվա ծրագրում առաջին անգամ ընդգրկված տարաբնույթ միջոցառումները, ինչպես, օրինակ, Մաշտոցի պուրակում «Ավելի լավ Երեւան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսն է, որին մասնակցելու են «Երեւաննախագիծ»-ը եւ բազմաթիվ ճարտարապետներ, որի շրջանակում կներկայացվեն Երեւանում առաջիկայում կառուցվելիք նշանակալից նախագծերը, այդ թվում նաեւ՝ «Հին Երեւան» նախագծի մակետային տարբերակը։

Ծրագրի նորույթներից է նաեւ «Հին Երեւան. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը՝ մետրոյի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանների սպասասրահներում։

Երեւանի քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրը համընկել է Թարգմանչաց տոնին: Այդ կապակցությամբ ծրագրում ներառվել է եւս մեկ միջոցառում ՝ Մատենադարանին հարակից հարթակում:

«Էրեբունի-Երեւան-2795» տոնակատարությունն ավարտվելու է Հանրապետության հրապարակում նախատեսված գալա-համերգով։

«Գալա-համերգը «Իմ սրտի ուղեկից» խորագիրն է կրելու, որն, ի դեպ, նաեւ «Էրեբունի-Երեւան-2795»-ի նշանաբանն է։ Կհնչեն Երեւանին նվիրված նոր երգեր: Բացի այդ, արտերկրից հրավիրել ենք նաեւ այլ կատարողների, որոնց մասին, սակայն, այսօր թույլ տվեք չասել, որպեսզի հաճելի անակնկալ լինի մեր հայրենակիցների համար: Դե իսկ համերգը կավարտվի շքեղ հրավառությամբ», - նշել է Արամ Սուքիասյանը։

Եզրափակելով խոսքը՝ Արամ Սուքիասյանը նաեւ հավելել է, որ միջոցառումների անցկացման բավականին խիտ ժամանակացույցի մասին քաղաքապետարանը ծանուցելու է հնարավոր բոլոր միջոցներով, եւ լրատվամիջոցներին էլ առաջարկել է ակտիվորեն աջակցել այդ հարցում։