«Ռոստելեկոմ» ռուսական ընկերությունը նախատեսում է մինչ 2017 թվականը Հայաստանում ներդնել 26 մլն դոլար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում եւ ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմ»-ի կողմից մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Սերգեյ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից եւ ներկայացրել «Ռոստելեկոմ»-ի ներդրումային ծրագրերը: «Ռոստելեկոմ»-ի ղեկավարը նշել է, որ իր գլխավորած ընկերությունն առաջիկայում նախատեսում է իր ծառայություններով մուտք գործել մեր երկրի բազմաթիվ քաղաքներ:
Այնուհետեւ կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամում եւ արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտում «Ռոստելեկոմ»-ի հնարավոր ներգրավմանն ուղղված հարցեր:





























