Ուղիղ 20 տարի առաջ Մոսկվայի կենտրոնում ժամանակակից Ռուսաստանի պատմության ամենաղբերգական իրադարձություններից մեկն էր տեղի ունենում. 1993-ի հոկտեմբերի 4-ին, Մոսկվայում գրոհով վերցվել է Սպիտակ Տունը, որտեղ գտնվում էին ՌԴ գերագույն խորհրդի կողմնակիցները՝ Ռուսլան Խասբուլատովի գլխավորությամբ: Այդ որոշումը գիշերը կայացրել էր ՌԴ այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը:
Դրանից մի քանի շաբաթ առաջ, սեպտեմբերի 21-ին, Ելցինը ստորագրել էր թիվ 1400 հրամանը՝ «աստիճանական սահմանադրական բարեփոխումների մասին», որով դադարեցվում էր Գերագույն խորհրդի գործունեությունը եւ ժողովրդական պատգամավորների համագումարի գործունեությունը:
Վերջիններս հրաժարվել էին ենթարկվել եւ իրենց հերթին, որոշում էին կայացրել Ելցինին հեռացնել նախագահի պաշտոնից եւ նրա լիազորությունները փոխանցել փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյին: Սեպտեմբերի 22-ի գիշերը դահլիճում նրանք կազմակերպել էին երկրի փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյի երդմնակալության արարողությունը:
«Երկիշխանության» ժամանակահատվածն ավարտվել է արյունալի բախումներով, որին զոհ է գնացել մոտ 150 մարդ, այդ թվում խաղաղ ցուցարարներ եւ Գերագույն խորհրդի ստորաբաժանումների պահպանության աշխատակիցներ:
Այսօր երեկոյան, Մոսկվայում, տեղի է ունենալու զանգվածային հանրահավաք՝ նվիրված այդ դեպքերի զոհերի հիշատակին:





























