Արամ Խաչատրյան համերգասրահում, հոկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական-հասարակական գործիչներ, Կոմիտասի արվեստի երկրպագուներ:
Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշել է. ««Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը նպաստեց հայկական Սփյուռքի մշակութային եւ հոգեւոր համախմբմանը Կոմիտասի արվեստի շուրջ: Այս օրերին անգամ ճապոնացու, գերմանացու եւ թուքի շուրթերից հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները»:
Սեպտեմբերի 26-ից մեկնարկած «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները, ովքեր Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում ելույթներ են ունեցել բազմաթիվ բեմերում, փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես եկան կոմիտասյան կատարումներով:
Աշխարհի 9 երկրից եւ Արցախից ժամանած մասնակիցները հիացրին հանդիսատեսին կոմիտասյան ինքնատիպ կատարումներով: Տպավորիչ ելույթով հանդես են եկել Ասուկա Յոշիզակը Ճապոնիայից, ով հազարամյա պատմություն ունեցող ճապոնական կոտո նվագարանով նվագում էր Կոմիտասի ստեղծագործությունները: Ավստրիայի ներկայացուցիչ Յուհեի Ծուչիդան կատարել է «Հով արեք սարեր ջան» երգը: Կատարումներով հանդես են եկել նաեւ Աննա Մայիլյանը, Շահե Քեշիշյանը Սիրիայից, Գեւորգ Հաճյանը Լիբանանից, «Արարատ» երգչախումբը Իրանից, «Օվսաննա» եւ «Նորահրաշ» երգչախմբերը Ռուսաստանից: Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը եւ ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:
Միջոցառման ժամանակ ներկայացվել է Հայկ Սայադյանի՝ Կոմիտասին նվիրված ալեգորիկ ֆիմը:
Հայ երգարվեստի մի խումբ նվիրյալներ իրենց վաստակի, ինչպես նաեւ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի կայացմանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեցին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, «Կոմիտաս» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրուտյանը: ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգեւատրվել են Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը:
Փառատոնի մասնակից երգչախմբերին եւ անհատ կատարողներին տրվել են մասնակցության հավաստագրեր եւ հուշանվերներ:





























