Եթե իրենք վիրավորվել են Զարուհի Փոստանջյանի հարցից, ինչո՞ւ չեն դիմում իրենց դատարաները՝ զրպարտության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն՝ անդրադառնալով այն փաստին, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ կոպիտ հայհոյանքներով են արձագանքել Զարուհի Փոստանջյանի կողմից ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին հարց տալու փաստին:

«Եթե իրենք Զարուհուն կասկածում են, որ նա ինչ-որ շրջանակների պատվերով է գործել, ինչո՞ւ չեն փորձում բացահայտել, այսինքն՝ այն, ինչ իրենք ավանդաբար խորհուրդ են տալիս ուրիշներին՝ դիմեք դատարան, իրավական հարթության վրա, ինչո՞ւ են իրենք վիրավորանքի հարթություն անցել, եթե գտնում են, որ այդ հարցով զրպարտվել է Սերժ Սարգսյանը:

Ես մի կողմ եմ թողնում հարցի բովանդակությունը եւ գնահատական չեմ տալիս, քաղաքակիրթ մշակույթը, եթե հանդուրժող է, պետք է հանդուրժեին, եթե վիրավորված եմ, պետք է դիմեին դատարան: Անհասկանալի է, թե ինչու են անցել այդ հարթությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ «Ժառանգությունը» չի պատրաստվում հայհոյանքին հայհոյանքով պատասխանել:

Նրա համար զարմանալի չէ, որ ՀՀԿ-ական գործընկերները անցել են վիրավորանքների ու հայհոյանքի, հակառակը՝ զարմանալի կլիներ, որ եթե նրանք քաղաքակիրթ ձեւով ափսոսանք հայտնեին հարցի կապակցությամբ:

«Ցավոք, Հանրապետական կուսակցության շատ գործիչներ երբեք աչքի չեն ընկնել արիստոկրատիայի եւ էլիտայի բարձրագույն չափանիշներին համապատասխան: Այն բառապաշարը, բառաֆոնդը, որ օգտագործվում է, ամենեւին նորություն չէ,  եւ այդտեղ, ըստ էության, շատ մեծ զարմանալու բան չկա: Կզարմանայի, եթե ասենք տեսնեի, որ ՀՀԿ անդամները, ովքեր համաձայն չեն հարցի հետ, ափսոսանք են հայտնում դրա կապակցությամբ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ երիտասարդական թեւի՝ Զարուհի Փոստանջյանին ձվերով եւ լոլիկներով դիմավորելու ցանկությանը, Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ, «եթե իրենք գտնում են, որ նման կերպ պետք է դիմավորեն Զարուհուն, դա իրենց խնդիրն է, ոչ կարող ես արգելել, ոչ կարող ես քննադատել»:

Առայժմ հայտնի չէ՝ «Ժառանգությունը» կգնա օդանավակայան իր գործընկերոջը սատարելու, թե ոչ:

Խոսելով ԵԽԽՎ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու մասին՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ցավոք, «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ է տալիս, որ Աժ նախագահը միանձնյա որոշում կայացնի:

Սաֆարյանը նաեւ նշեց, որ «Ժառանգությունում» չի քննարկվել Զարուհի Փոստանջյանի կողմից տվյալ հարցը հնչեցնելու հարցը: «Չի ասվել, որ դա պետք է հնչի, դա նրա անձնական նախաձեռնությունն է եղել, ըստ էության նման աղմուկի դեպքում ի՞նչ պետք է անի կուսակցությունը, «Ավարայր» չէ սա»,- ասաց կուսակցության վարչության քարտուղարը:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում կազինոներ այցելելու մասին Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո կին պատգամավորի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին, դրանք երբեմն պարունակում են նաեւ վիրավորանքներ: Օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) դա որակել էր «լկտիություն», Զարուհուն անվանել «աննորմալ ու թուրք», իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասել էր, թե «Զարուհու նմանները գնում են սունաթված թուրքերի տակ են պառկում»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am