Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանին առայժմ չեն ծանոթացրել բեռնատարի փորձաքննության արդյունքներին:

«Մեզ առայժմ չեն ծանոթացրել բեռնատարի փորձաքննության արդյունքներին», - NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուբեն Մարգարյանը:

Հիշեցնենք, ահավոր  վթարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին, որի ժամանակ զոհվել է 18, վիրավորվել ավելի քան 60 մարդ: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի դատարանը Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել: 

Նույն ժամանակ էլ բեռնատարի փորձաքննություն էր նշանակվել:

Սեպտեմբերի 9-ին  Հարությունյանը քննիչին ցուցմունք էր տվել՝ խոստովանելով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեղքը:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Հարությունյանը հայտնել էր, որ խիճով բեռնված «ԿամԱԶ»-ը չէր արձագանքում արգելակի ոտնակի սեղմումներին, եւ քանի որ ճանապարհը զառիվայր էր, ընթացքը միայն արագանում էր: Քանի որ այլ կերպ մեքենան կանգնեցնել հնարավոր չէր, վարորդը որոշել է այն շրջել խաչմերուկում, որն այդ պահին ազատ էր, մեքենաներ չկային: Փաստացի դա հաջողվել էր, ղեկը կտրուկ ձախ պտտեցնելու հետեւանքով մեքենան շրջվել էր, բայց ավտոբուսի հետ բախումից խուսափել չէր ստացվել: Հարությունյանն ավտոբուսը տեսել է վերջին պահին, երբ «ԿամԱԶ»-ի անիվներն արդեն օդում էին: Մինչ այդ տեսադաշտը փակել էր խաչմերուկի մոտի բնակելի շենքը: